Ոստիկանությունը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. հայտարարություն

Երևանի փողոցների երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է ուղեկցվել ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8։00-ից «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն ու անհնազանդության ակցիաներին միացած քաղաքացիները փակել են Երևանի կենտրոնական փողոցներն ու երթևեկելի հատվածներում աղբամաններով, նստարաններով ու ակցիայի մասնակիցների ավտոմեքենաներով բարիկադներ են կառուցել։