Ձնամբար` Արագածի գագաթին. ոռոգման ջուր ստանալու առաջարկին իշխանավորներն ասում են` փող չկա

Հայ գիտնականները որոշել են թույլ չտալ, որ Արագածի վրա տեղացող առատ ձյունը հալվի։ Երբ ժամանակը գա, ու այն պետք լինի` կհալեցնեն։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայ գիտնականները մտադիր են պահպանել ու տարեցտարի «ավելացնել» Արագած լեռան գագաթին ամեն ձմեռ կուտակվող առատ ձյունը, կամ, ինչպես իրենք են ասում` Արագածի վրա «հավերժական սառցակույտ» ստեղծել։

Առաջին փորձն արդեն արված է։ Այսօր Արագածի վրա անցյալ տարվանից մնացած ձյան 300 քառակուսի մետրանոց սառցակույտ կա, որն անցած ամառվա ընթացքում էլ չի հալվել։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը։

Երաշտ` էլեկտրաէներգիայի դիմաց. ո՞վ է դատարկում ջրամբարները

«Մեզ հաջողվեց ցատկել ժամանակի վրայով։ 1 տարվա ժամանակահատվածը հաղթահարված է»,– ասաց նա` ներկայացնելով գիտափորձի դրական արդյունքը։

Ձյան ծածկույթը պահպանելու համար գիտնականներն այն ծածկել են գեոտեքստիլ կոչվող ջերմամեկուսիչ նյութից պատրաստված ծածկով։ Շնորհիվ սպիտակ գույնի, այն անդրադարձնում է արևի ճառագայթները` պահպանելով ձյան սառնությունն ու կանխելով հալոցքը։

Գիտնականների պահպանած արհեստական սառցակույտը 300 քառ. մետր մակերես ունի, բայց ծրագրի հեղինակների խոսքով` դրա ծավալը հեշտությամբ հնարավոր է 10 և ավել անգամ մեծացնել։

«Այնտեղ հիմա հսկայական ձնաշերտ կա, որի հաստությունը տեղ–տեղ հասնում է 10 մետրի։ Այն շատ արագ կվերանա, եթե մայիս ամսին ոչինչ չձեռնարկենք։ Բայց փոքր ջանքերով այն կարելի է շատ հեշտ պահել»,– ասում է ծրագրի հեղինակ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը։

1 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին
2 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին
3 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին
4 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին
5 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին
6 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին
7 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին
8 / 8
«Ձնամբար»` Արագածի գագաթին

Արագածի գագաթը ծածկող ձյունը, ամռանը Հայաստանին սպասվող երաշտի դեպքում, ծրագրի հեղինակների դիտարկմամբ, կարող է լրացուցիչ ջրամբարի դեր կատարել, կամ, ինչպես հեղինակներն են կոչում` «ձնամբարի»։

Բայց դրա համար միջոցներ ու տեխնիկա հայ գիտնականները չունեն. ձյունը հավաքվում ու ծածկի տակ կուտակվում է ձեռքով` հարևան Բյուրական գյուղի բնակիչների անշահախնդիր աջակցությամբ, իսկ 300 քառ. մետրանոց ծածկոցը հայ գիտնականերին նվիրել են իրենց համախոհները` Շվեյցարիայից։

«Դրա 1 քառ. մետրն արժե 4 եվրո, այսինքն` 1 քառ կմ ծածկելու համար շուրջ 4 մլն եվրո է պետք։ Բայց հայկականը դրանից շուրջ 4 անգամ էժան է»,– ասում է Արտակ Համբարյանը` նշելով, որ գեոտեքստիլ այսօր նաև մեր երկրում են արտադրում` արտահանման ու ռազմական ոլորտում օգտագործելու համար։

Ոռոգման մասին գարնանը մտածելն ուշ է. վարչապետը ոռոգման խնդիրներ է կանխատեսում

Գիտական ծրագրի հեղինակներն արդեն ավելի քան 8 տարի դիմում են Հայաստանի իշխանության տարբեր օղակների ու նույն պատասխանը ստանում` փող չկա։

«Բայց նույն ծավալով ջրամբար ունենալը տասնյակ միլիոնավոր դոլարներ կարժենա, չհաշված էկոլոգիական վնասները»,– իշխանավորներին իր աշխատասենյակից հակադարձում է ակադեմիկոսը։

Ինչ վերաբերում է բնության բնական ընթացքը փոխելու հետևանքով ստացված հնարավոր վնասներին, ծրագրի հեղինակները նշում են, որ դրանք զրոյական են։

«Արագածի երբեմնի բյուր ակները` լեռնային աղբյուրների մեծ մասը, աշնան սկիզբ պապակած են։ Դրանք կվերակենդանանան, որովհետև արհեստական սառցադաշտից ջուր կմատակարարվի, այն ջուրը, որը վարարումների ժամանակ անվերադարձ կորչելու էր»,– ասում է Ռուբեն Համբարձումյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ջրային պաշարների մեծ մասն առաջանում է ձնհալի արդյունքում, բայց այն շատ արագ է հալվում, ու մեծ մասն անիմաստ կորչում է, մինչդեռ ձնամբարների շնորհիվ հնարավոր կլինի հետաձգել ձյան հալոցքը մինչև լրացուցիչ ոռոգման ջրի կարիք լինի։

Նման փորձարկումներ, գիտնականի խոսքով, արդեն կատարում են Հնդկաստանն ու Պերուն։ Ծրագրի ներդրման փուլում է նաև Չինաստանը։ Մինչդեռ, հայ գիտնականները նույն առաջարկն արել այդ երկրներից շատ ավելի շուտ։

Հայաստանյան ձնամբարների ստեղծման ծրագրով հետաքրքրված են ՄԱԿ-ի կառույցները։ Հնարավոր ֆինանսական աջակցության հույսով գիտական խումբն այժմ պատրաստվում է ծրագիրն ուղարկել այս կառույցի մասնագետներին։