Ոչինչ հավերժ չէ. Սերժ Սարգսյանը` վարչապետ դառնալու մասին

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական մամուլում մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնում իր առաջադրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Իմ կուսակից ընկերներն առաջադրել են իմ թեկնածությունը, և ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել նման պատասխանատվություն։ Պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի հարցին, ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ–ն հաստատեց. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի երկու օրից

«Կուսակցության ղեկավար մարմինների նիստում իմ կուսակից ընկերները սատարեցին Կարեն Կարապետյանի առաջարկը, և ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Բայց ոչինչ հավերժ չէ»,- ասել է նա` կրկնելով նախկինում արված հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է ընտրվելու դեպքում` պաշտոնական պարտականություններին զուգահեռ իր աշխատանքային փորձը փոխանցել երիտասարդ կադրերին։

«Մենք պետք է մտածենք արժանավոր երիտասարդ քաղաքական գործիչների մասին, ինչպիսիք կան ինչպես ՀՀԿ-ականների շարքերում, այնպես էլ կուսակցությունից դուրս»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ծաղկաձորում կայացած ՀՀԿ նիստում իշխող կուսակցությունը միաձայն որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ընտրությունը նախանշված է վաղը` ապրիլի 17-ին, ժամը 12։00-ին, ԱԺ հատուկ նիստում։