Փաշինյանի կազմակերպած հավաքների համար դատախազությունը քրեական գործեր է հարուցել

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ապրիլի 13-ին ու 14-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Փաշինյանին ուղղված հայտարարություն. ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել

Մասնավորապես հիշատակվում են ապրիլի 13-ին ԵՊՀ, ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենքերի տարածքներ մուտք գործելու, ապրիլի 16-ին առավոտվանից Բաղրամյան պողոտան փակելու դեպքերը։

«Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը»,- նշում է դատախազությունը։

Նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նշված հոդվածները վերաբերում են զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելուն, ջարդ կամ հրկիզում իրականացնելուն, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելուն կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալուն, ինչպես նաև սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելուն։