Փաշինյանը ցուցարարների հետ ներխուժեց բժշկական ուսումնարան

Քաղաքացիական ակցիայի մասնակիցները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացեցին բժշկական ուսումնարանի փակ դուռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ցուցարարները` պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քիչ առաջ ներխուժեցին Երևանի Կորյունի փողոցում գտնվող բժշկական ուսումնարանի շենք։

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

Մինչ այդ նրանք թակում էին փակ դուռն ու «դասադուլ» վանկարկումներով պահանջում բացել այն։

Ներսում Նիկոլ Փաշինյանն ուսումնարանի ուսանողներին կոչ արեց միանալ դասադուլին։

Նա ուսումնարանի ղեկավարությանը կոչ արեց դուռն ուսանողների դիմաց չփակել ու չսահմանափակել նրանց ազատությունը։

Լքելով ուսումնարանի շենքը` Փաշինյանն ուղևորվեց Հերացի փողոց, որտեղ քիչ առաջ բախում էր տեղի ունեցավ ուսանողների ու մի քանի քաղաքացիների միջև և Mersedess G-500 ամենագնացի վարորդն ավտոմեքենայով շարժվել էր ուսանողների ուղղությամբ։