Կարմիր խաչի ներկայացուցիչները Ստեփանակերտում և Բաքվում այցելել են գերիներին

Կազմակերպության աշխատակիցները պարբերաբար այցելում են այդ մարդկանց` նրանց մնալու պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև նրանց` հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Արցախում և Ադրբեջանում այցելել են ադրբեջանցի ու հայ գերիներին։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության աշխատակից Էթերի Մուսայելյանը։

Ներկա պահին Ադրբեջանում են գտնվում Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը։

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում բանտարկված երկու հայերին

Արցախում պահվում են երկու ադրբեջանցիներ` ցմահ ազատազրկման դատապարտված Դիլգամ Ասկերովը և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը, որոնք մեղադրվում են լրտեսության, պետական սահմանը հատելու, անօրինական կերպով զենք պահելու, մարդկանց առևանգելու և սպանության մեջ։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին և ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել ԼՂ հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Մենք շարունակում ենք այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահելու պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաև նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով»,- նշեց Մուսայելյանը։

Նշենք, որ դեռ ընթացիկ տարվա փետրվարին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը հայտարարել էր, որ Բաքուն դիմել է մի քանի միջազգային կազմակերպությունների` Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատագրելու հարցով։ Փոխարենն ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել հարցը` Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու դիմաց։