Հայկ Մարությանը միացավ ակցիայի մասնակիցներին

Դերասան Հայկ Մարությանը Երևանի բժշկական համալսարանի հարակից հատվածում միացավ ակցիայի մասնակից ուսանողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայտնի դերասան Հայկ Մարությանը քիչ առաջ Երևանի բժշկական համալսարանի հարակից հատվածում, Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում մոտեցավ ակցիայի մասնակից ուսանողներին։

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

Հարցին` միացել է արդյո՞ք ուսանողներին, Մարությանը պատասխանեց. «Մեքենայով անցնում էի, ճանապարհը փակ էր, ստիպված միացա», ապա ավելացրեց. «Ես միանում եմ բոլոր այն ակցիաներին, որոնք Հայաստանի համար լավ են»։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց` նորմալ չի համարում այն, որ իշխող կուսակցությունն առանց քննարկման, միաձայն առաջադրել է մեկ անձի թեկնածությունն ու այլ անուն նույնիսկ չի էլ քննարկվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ծաղկաձորում կայացած ՀՀԿ նիստում իշխող կուսակցությունը միաձայն որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն արդեն մի քանի օր է` Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներն են իրականացնում` ընդդեմ Սերժ Սարգսյանի ընտրության։