Արցախում զոհված զինվորին կրակել է ծառայակից ընկերը

Պարզվել է կրակողի ինքնությունը, վերջինս ձերբակալվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ծառայակցի արձակած գնդակից։

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումը ստացել է 2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է: