Խաղաղ հավաք չի նշանակում ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ «օպերացիա»

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել Հանրային ռադիոյի շենքում Ն. Փաշինյանի և մի խումբ անձանց գործողությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ցուցարարների գիշերն ու առավոտը. ի՞նչ է կատարվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում

Հայտարարության մեջ ասվում է. «Նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են Հանրային ռադիոյի շենքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները: Դրանց զննությամբ պարզվել է, որ խաղաղ հավաքի իրավունքը ոմանց համար նշանակում է պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ «օպերացիա»:

Մասնավորապես, տեսանյութում հստակ երևում է, որ նշված շինության զավթմանը նախորդում է օբյեկտի նախնական «հետախուզումը», պայմանական նշաններով միմյանց հետ հաղորդակցվելը, այնուհետև՝ խմբակային ներխուժումը պահպանվող օբյեկտ:

Ներխուժողների համար որևէ զսպող նշանակություն չունեցավ անգամ այն հանգամանքը, որը շենքը գտնվում էր ոստիկանական պահպանության ներքո: Ավելին, անտեսվեց ոստիկանության ծառայողների օրինական պահանջը՝ շենքը մուտք չգործելու վերաբերյալ:

Այսպես կոչված «խաղաղ հավաքի» մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը՝ նյութական վնաս պատճառելով ընկերությանը: Ի դեպ, ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով: Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:

Այս հանգամանքն օրինական հիմք էր թե զենքը մերկացնելու, թե ոստիկանության ծառայողին որոշակի հեռավորությունից չմոտենալու պահանջ ներկայացնելու, և թե զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելու համար, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Նյութերի նախապատրաստման փուլում ծանուցումներ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց՝ ոստիկանություն ներկայանալու և բացատրություններ տալու նպատակով:

Գործի քննության ընթացքի վերաբերյալ հետագայում կներկայացնենք լրացուցիչ տեղեկություններ»: