ԵՐԵՎԱՆ, 15 Ապրիլ — Sputnik. Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմադիրները` «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գիշերն անցկացրել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում։
Նրանք հայտարարել էին, որ ապրիլի 13–17–ը շուրջօրյա բողոքի ակցիաներ են իրականացնելու։
Ապրիլի 14–ի ակցիաներից ու հանրահավաքից հետո` երեկոյան, նրանք վրաններ խփեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակի տարածքում, աթոռներ ու վառարան տեղադրեցին։ Ցուցարարների մի մասը հերթապահել է` քնելով նստարանների վրա, մի մասն էլ` վրաններում է մնացել։ Գիշերը միջադեպ չի գրանցվել, խաղաղ է անցել։
Առավոտյան տղամարդ ցուցարարները` Փաշինյանի գլխավորությամբ, տարածքի աղբն էին հավաքում, իսկ աղջիկները նախաճաշ էին պատրաստում` հաց ու պանրով բրդուճներ։
Այս պահին հրապարակում դրությունն անփոփոխ է։ Կազմակերպիչների խոսքով`բողոքի ակցիան կսկսվի մոտ 3 ժամից։
Հիշեցնենք, որ երեկ ակցիայի մասնակիցները քայլերթի ժամանակ շեղվեցին ուղուց և մտան Հանրային ռադիո։ Մտնելով ստուդիաներից մեկը, որի դուռն, ի դեպ, նրանք կոտրեցին, Փաշինյանը պահանջեց իրեն ուղիղ եթեր տրամադրել։ Բայց ռադիոյի շենքն այդ ժամանակ հոսանքազրկվեց։ Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի հետ բանակցելուց հետո, Փաշինյանն այլ լրատվամիջոցների ուղիղ եթերում հղեց իր ուղերձն ու, կողմնակիցների հետ միասին, լքեց շենքը։
Ավելի ուշ, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ակցիայի մասնակիցների գործողություններում անօրինական քայլեր կան, և նյութեր են նախապատրաստվում` քրեական գործ հարուցելու համար։