Երևան-Գյումրի ավտոճանապարհին 2 բեռնատար և 1 մարդատար ավտոմեքենաների բախման պատճառով կա զոհ

Ավտովթարից տուժած քաղաքացու վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ավտովթարի պատճառով 28-ամյա վարորդը տեղում մահացել է:

Ժամը 05:54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, «KamAZ» մակնիշի 059 AT 61 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) բեռնատարը բախվել է «Lada-21013» մակնիշի 34 TO 011 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենային, այնուհետև՝ մեկ այլ «KamAZ» մակնիշի բեռնատարի, ինչի հետևանքով «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Փ.-ը տեղափոխվել է Թալինի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել մեքենայից, մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: