Սիրիական հարվածներն ու Թրամփի խաղաքարտը. ինչպես Թուրքիան ընդգրկվեց ամերիկյան թրիլերում

Սիրիայի ռմբակոծությունը Թրամփի համար ծանրակշիռ փաստարկ էր այն մասին, որ նա ռուսների հետ կապեր չունի, ինչում մեղադրում են ընդդիմադիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Սիրիայի ռազմական օբյեկտներին ամերիկյան զորքերի հարվածելն ավելի շատ նման է նախագահ Դոնալդ Թրամփի PR-ակցիային։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Սիրիան հրթիռակոծելու հետևանքը. վնասների մասին տեղեկություն է հրապարակվել

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պնդում է, որ իբր ոչնչացվել են քիմիական զենքի մշակման ձեռնարկություններ և գիտահետազոտական կենտրոններ, իրական հիմքեր կան ենթադրելու, որ այնտեղ առանձնապես ոչ մի բան չի եղել։ Հակոբյանի խոսքով` սիրիական իշխանությունները և նրանց դաշնակիցները բավականին ժամանակ են ունեցել հիմնական ուժերն ու միջոցները հարվածներից հեռացնելու համար։

«Մենք յուրօրինակ թատերական ներկայացում դիտեցինք, որն ամերիկյան թրիլեր է հիշեցնում։ Կողմերից յուրաքանչյուրն իրավիճակից դուրս եկավ նվազագույն կորուստներով։ Իհարկե, իրավիճակն ամենից շատ ձեռնտու է Թրամփին և նրան աջակցող ուժերին», — ասաց նա։

ԱՄՆ-ի նախագահը լուրջ հաղթաթուղթ ստացավ` ապացուցելու համար Ռուսաստանի հետ կապերի բացակայությունը, որում Թրամփին բազմիցս մեղադրել են ամերիկյան ընդդիմադիրները։ Բացի այդ, բոլոր կողմերը համաձայնեցրին խաղի ինչ-որ կանոններ, և բոլորը խաղացին դրանց համապատասխան։

Սիրիայի մայրաքաղաքի հրթիռակոծությունը. կադրեր դեպքի վայրից

Խոսելով Թուրքիայի պահվածքի մասին (Անկարան հայտարարել է, որ սատարում է Սիրիային հարվածներ հասցնելու որոշումը)` Հակոբյանը նշեց, որ Անկարան խաղաց դասական թուրքական դիվանագիտության բոլոր կանոններով։ Միաժամանակ Ռուսաստանն ըմբռնումով վերաբերվեց Թուրքիայի դիրքորոշմանը։

«Ռուսաստանը վաղուց է իր համար պարզել, թե որ հարցերում համագործակցի Թուրքիայի հետ, իսկ որ հարցերում Անկարան կարող է գործողությունների ազատություն ունենալ և Մոսկվայի պահվածքից տարբերվող դիրքորոշում զբաղեցնել», — ասաց Հակոբյանը։

Ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ սիրիական տարածքի վրա ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել։