Ռուսաստանն արտակարգ նիստ է գումարում. Պուտին

Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարում ՝ ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային հարվածները քննարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարվում։ Պատճառը հրթիռային հարվածներ են, որոնք այս գիշեր Սիրիային է հասցրել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Սիրիայի շուրջ իրավիճակի ներկա թեժացումը քայքայիչ ազդեցություն է ունենում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա։

«Ռուսաստանը գումարում է ՄԱԿ–ի ԱԽ արտակարգ նիստ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար», — նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հայտարարության համաձայն, քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպությունը Սիրիա է ուղարկել իր մասնագետներին՝ հանգամանքները պարզելու համար։ Ինչպես նշել է Պուտինը, արևմտյան երկրների խումբը ցինիկաբար անտեսել է դա՝ ձեռնարկելով ռազմական գործողություն, չսպասելով հետաքննության արդյունքներին։

Սիրիան հրթիռակոծելու հետևանքը. վնասների մասին տեղեկություն է հրապարակվել

«Ռուսաստանը խստորեն դատապարտում է Սիրիայի վրա հարձակումը, որտեղ ռուս զինծառայողներն օրինական կառավարությանն օգնում են ահաբեկչության դեմ պայքարում։ ԱՄՆ-ն իր գործողություններով ավելի է խորացնում Սիրիայում մարդասիրական աղետը, տառապանքներ պատճառում խաղաղ բնակչությանը, ըստ էության աջակցում ահաբեկիչներին, որոնք յոթ տարի շարունակ կեղեքում են Սիրիայի ժողովրդին, արտագաղթի նոր ալիք հրահրում», — նշված է հաղորդագրությունում։

Ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ սիրիական տարածքի վրա ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել։