Փաշինյանը հորդորում է տուն չգնալ. ոստիկանները շրջափակել են պետական նշանակության շենքերը

Հայաստանի ոստիկանությունը շրջափակել է պետական նշանակության բոլոր շենքերը։ Փաշինյանը ցուցարարներին կոչ է անում գիշերը տուն չգնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՀ բոլոր պետական նշանակության շենքերը շրջափակվել են ոստիկաններով։ Այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Քայլ արա» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել

«Բայց նրանք մեր ոստիկաններն են, ՀՀ քաղաքացի զավակներ ունեցող ոստիկանները, ՀՀ քաղաքացի ծնողներ ունեցող ոստիկանները։ Դրա համար էլ մենք հեշտությամբ նրանց օգնությամբ անցնելու ենք ցանկացած պատնեշի վրայով»,- իր ելույթում ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այսօրվանից հանրահավաքների բնույթը պետք է փոխվի։ Նախորդ գիշեր, Փաշինյանի տեղեկություններով, հրապարակում է մնացել 190 մարդ, ինչը, ըստ նրա, բավական չէ նախաձեռնությունն ավարտին հասցնելու համար։

«Մենք պետք է ապահովենք շուրջօրյա հանրահավաք։ Ես այս գիշեր մնալու եմ հրապարակում»,- հայտարարեց Փաշինյանը` կոչ անելով ներկաներին միանալ իրեն, որպեսզի ապրիլի 17-ին միասին գնան ԱԺ։

Նիկոլ Փաշինյանը լքեց Հանրային ռադիոյի շենքը. ակցիան սիմվոլիկ էր

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում նախատեսված է Սերժ Սարգսյանի ընտրությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է Սերժ Սարգսյանի դեմ ուղղված «Իմ քայլը» քաղաքացիական արշավը, որի մեկնարկը տրվեց մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակում։ Ակցիայի մասնակիցները բողոքի քայլերթով հասան Երևան մարտի 13-ին։

Արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի Ֆրանսիայի հրապարակում դադարեցված է երթևեկությունը։ Ցուցարարները վրաններ են տեղադրել ու շուրջօրյա բողոքի ակցիա հայտարարել` մինչև ապրիլի 17-ը։