Սիրիան հրթիռակոծել են այն պահին, երբ խաղաղ ապագայի հնարավորություն էր ստացել. Զախարովա

Այս ամենի հետևում կանգնած են նրանք, ովքեր հայտարարում են իրենց բացառիկության մասին։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սիրիայի հրթիռակոծությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Սիրիայի հթիռակոծության հետևում կանգնած են նրանք, ովքեր բարոյական առաջնորդության են հավակնում աշխարհում, Facebook սոցիալական ցանցում գրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովն` մեկնաբանելով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի` Սիրիայում իրականացված հրթիռակոծությունը։

Նրա խոսքով` սկզբում Սիրիայի ժողովրդի վրա փորձարկեցին «արաբական գարունը», հետո ԻՊ-ն, հիմա էլ՝ ամերիկյան հրթիռները։ Հարված են հասցրել ինքնիշխան պետության մայրաքաղաքին, որը երկար տարիներ փորձում է փրկվել ահաբեկչական ագրեսիայի պայմաններում։

«Այդ ամենի հետևում կանգնած են նրանք, ովքեր աշխարհում հավակնում են բարոյական առաջնորդության և հայտարարում են իրենց բացառիկության մասին։ Պետք է իսկապես բացառիկ լինել, որպեսզի այն պահին, երբ Սիրիան խաղաղ ապագայի հնարավորություն է ստացել, գնդակոծել մայրաքաղաքը»,- գրել է Զախարովան։

Նա ավելացրել է` Սպիտակ տունը հայտարարել է, որ Դամասկոսի քիմիական հարձակման հարցում վստահությունը հիմնված է «ԶԼՄ-ների հաղորդագրությունների, տեսագրությունների և լուսանկարների, ինչպես նաև վստահության արժանի տեղեկատվության վրա»։

«Այդ հայտարարությունից հետո ամերիկյան և մյուս արևմտյան ԶԼՄ-ները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը կատարվածի համար»,- ասել է Զախարովան։

Նշենք, որ այսօր լուսադեմին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել, որոնցից մեկ երրորդը Սիրիայի զինված ուժերը կարողացել են խոցել: