ԱԺ–ի բակ մտնող մեքենաների տակն էլ են ստուգում

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի բակ մտնող ավտոմեքենաների ստուգման ռեժիմը խստացվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքենաները: Այս մասին գրում է«Ժողովուրդ» օրաթերթը։

«ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքենաների տակը և համոզվելով, որ որևէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տալիս մուտք գործել»,- գրում է թերթը:

Ինչպես հայտնի է, ԱԺ բակ մեքենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվու¬թյուն է տվել:

«Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տեղափոխել ԱԺ դահլիճ և ակցիա իրականացրել»,,- նշված է հոդվածում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով»: