ՀՅԴ–ն հավանություն տվեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՅԴ–ն հայտարարում է, որ հավատարիմ է կոալիցիան համաձայնագրին և պաշտպանում է ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու ՀՀԿ որոշմանը։ Այս մասին ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ։

ՀՀԿ–ն հաստատեց. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի երկու օրից

«Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխություններն արդեն իսկ որոշակի դրական սպասումներ և որակական տեղաշարժեր են արձանագրել։ Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ և լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՅԴ-ն նշում է, որ այս որոշմամբ վերահաստատում է 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը։

Նշենք, որ այսօր` ապրիլի 14-ին, Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում կուսակցության Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 16–ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի նրա թեկնածությունը:

Նոր վարչապետի ընտրությունը կիրականացվի ապրիլի 17-ին, որից հետո 5-օրյա ժամկետում նոր կառավարության անդամների թեկնածությունները կներկայացվեն նախագահին, և առավելագույնը 15 օր հետո Հայաստանը կունենա նոր կառավարություն։