ՀՀԿ–ն հաստատեց. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի երկու օրից

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրի ԱԺ ՀՀԿ խմբակցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ապրիլի 16–ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։

ՀՀԿ–ն որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին. այլ անուն չի էլ հնչել

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ, որի ընթացքում կուսակցության Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Նշենք, որ նոր վարչապետի ընտրությունը կիրականացվի ապրիլի 17-ին, որից հետո 5-օրյա ժամկետում նոր կառավարության անդամների թեկնածությունները կներկայացվեն նախագահին, և առավելագույնը 15 օր հետո Հայաստանը կունենա նոր կառավարություն։