Բողոքի ալիք Հայաստանում. ընդդիմությունը կարող է փչացնել իշխանության տոնը

Երևանում բողոքի ակցիաների նոր ալիք է բարձրացել։ Ընդդիմության առաջնորդներից մեկը քաղաքական միավորներ է հավաքում, որոնք պետք կգան խորհրդարանական հաջորդ ընտրություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Մայրաքաղաքի փողոցները կրկին աշխուժացել են, Երևանի կենտրոնում ընթանում են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում է «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիան լուսանկարներում

Հայաստանի քաղաքներով անցկացրած քայլարշավից հետո բողոքի ակցիայի մասնակիցները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ապրիլի 13-ի երեկոյան շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը։

Ցուցարարները փողոցում վրաններ տեղադրելով և հարակից այգիների նստարաններին տեղավորվելով` գիշերն անցկացրին այնտեղ։ Ոստիկանությունը չմիջամտեց։

Փաշինյանը հայտարարեց` չի կարելի թույլ տալ, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Ո՞րն է Փաշինյանի իրական նպատակը։ Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է փորձագետների հետ։

Փաշինյանն առաջ կանցնի ընդդիմության մրցակիցներից

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Փաշինյանի գործողությունները լիովին տրամաբանական են։

«Նա միայն չի փորձում փաստել, վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը, ինչով զբաղված են մյուս ընդդիմադիր ուժերը, որոնք մեղադրում են ժողովրդին անտարբերության մեջ և սպասում, թե նա երբ կարթնանա», — ասաց Հակոբյանը։

Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության ցույցը

Փաշինյանը հունվար-փետրվարին սննդամթերքի գների բարձրացման ֆոնին ժողովրդական ալիք բարձրացնելու մի քանի անհաջող փորձերից հետո որոշեց սպասել նոր առիթների և ինքը գնաց «ժողովրդի մեջ»։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ նա փորձեց իր երթով ակտիվացնել բողոքող զանգվածին՝ իր պոտենցիալ ընտրազանգվածին։

«Այդ առումով նա որոշակի արդյունքների կհասնի։ Չեմ կարծում, որ կհաջողվի հավաքել 50 հազար մարդու, որոնք կշրջապատեն Ազգային ժողովը և թույլ չեն տա, որպեսզի Սարգսյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, ինչպես ընդդիմադիր պատգամավորը հայտարարել էր ավելի վաղ։ Բայց նա իր երկշաբաթյա աշխատանքի հաշվին մյուս ընդդիմադիր առաջնորդների արդյունքները գերազանցելու շանս ունի», — ասաց Հակոբյանը։

Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանը, լինելով փորձառու և իրատես քաղաքական գործիչ, երկարաժամկետ «գործողություն» է իրականացնում։

Նա փորձում է իրեն ներկայացնել որպես միակ ուժ, որը կարող է գլխավորել ընդդիմադիր շարժումը։ Այդ մասին նա հայտարարել է իր կուսակցության ստեղծման օրից։

ՀՀԿ–ն հաստատեց. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի երկու օրից

Եթե այդ բոլոր գործընթացները ձգձգվեն մինչև 2022թ-ի խորհրդարանական ընտրությունները, ապա նրա այսօրվա գործողությունները կաշխատեն ապագա վարկանիշի համար։

«Նրա երկրորդ նպատակն է (որը մասամբ առաջինի բաղադրիչն է) տարածություն պահպանել այն ընդդիմադիր ուժերից, այդ թվում՝ «Ելք» դաշինքի իր գործընկերներից, որոնք, ամենայն հավանականությամբ, նրա ռազմավարական գործընկերները չեն ոչ ընդհանուր նպատակի, ոչ աշխատանքի մեթոդների առումով», — ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը խորհրդարանում գլխավորում է «Ելք» դաշինքի խմբակցությունը, որում ընդգրկված են ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ «Հանրապետությունը» և «Լուսավոր ապագան»։

Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, նրանց ժամանակավոր ուղեկիցներ, մարտավարական և նախընտրական գործընկերներ է համարում։
Հիմա արդեն նախադրյալներ կան, որ առաջին հայացքից այդ մարտավարական տարաձայնությունները կարող են դառնալ ռազմավարական, ինչը կարող է հանգեցնել «Ելք» դաշինքի փլուզման։

«Համենայն դեպս, ներկա ձևական գործընկերների տոնայնությունը, միմյանց հասցեին քննադատական արտահայտությունները և աշխատանքի մեթոդները խոսում են նման հնարավորության մասին», — ասաց Հակոբյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կփչացնի իշխանությունների տոնը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նշում է, որ ներկա գործընթացը «Ելքի» հետ ընդհանուր ոչինչ չունի, սա «Քաղաքացիական պայմանագրի» ակցիան է։

Որոշվել է` Վիգեն Սարգսյանին կփոխարինի Վլադիմիր Գասպարյանը

Քոչարյանը միանշանակ չի ասում, որ «Ելքը» կփլուզվի։ Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հայտարարություններից մեկում նշել էր, որ իրադարձությունների նման զարգացում չի դիտարկում։

«Նիկոլ Փաշինյանն իրեն առավել ագրեսիվ պահեց «Ելքի» մյուս անդամների նկատմամբ, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի»։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այս ամենի հետևանքով դաշինքը կփլուզվի», — ասաց Քոչարյանը։

«Նույնիսկ եթե հավաքի 10 հազար մարդու, նա առնվազն կկարողանա փչացնել իշխանությունների տոնը», — ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն ամրագրում է իր տեղը քաղաքական դաշտում, որը, կարելի է ասել, հիմա թափուր է։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Փաշինյանին կհաջողվի առաջիկա 2-3 տարիներին ընդդիմության առաջնորդ դառնալ։

Հիշեցնենք, որ «Ելքի» մեջ մտնող մյուս երկու կուսակցությունները՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», հրաժարվել են միանալ Փաշինյանի նախաձեռնությանը։

Միաժամանակ հանրապետականները հայտարարել են, որ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Հայաստանի նոր սահմանադրությունը նախագահին տալիս է զուտ ձևական լիազորություններ, իսկ ամբողջ իրական իշխանությունը հանձնում է վարչապետին։