Ադրբեջանն այս շաբաթ նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել Արցախի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հաստոցավոր ավտոմատ նռնականետներ է կիրառել սահմանին։ Արցախի պաշտպանության նախարարությունը շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ամփոփ հաղորդագրություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ)»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հստակորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: