ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Մոսկվան ապացույցներ ունի, որ Սիրիայի Դումա քաղաքում իրականացված ենթադրյալ քիմիական գրոհը բեմադրություն է, որին մասնակցել են արտասահմանյան հատուկ ծառայությունները։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ։
«Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ սա հերթական բեմադրությունն էր, և դրան մասնակցել են այն պետության հատուկ ծառայությունները, որը հիմա փորձում է ռուսատյաց արշավի առաջին շարքում հայտնվել»,- ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ վաղն առավոտյան Դամասկոս կմեկնեն Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները։ Արտգործնախարարը հույս է հայտնել, որ փորձագետներն անհապաղ կմեկնեն Դումա։
Նշենք, որ ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։