Ինչպես կարձագանքի Իրանը Սիրիայի դեմ ուղղված ամերիկյան ագրեսիային

Թեհրանում վստահեցնում են, որ Սիրիայում Միացյալ Նահանգների ցանկացած ագրեսիա պատասխան կստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին Թեհրանում հայտարարել է, որ Իրանը խիստ ու լուրջ կարձագանքի Սիրիայում ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։

Թրամփը խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային. «Նրանք հաճելի են, նոր և «խելացի»»

Բորուջերդին նշել է, որ ամերիկացիները լարվածություն ու այնպիսի իրավիճակ են ստեղծում, ինչը կարող է տարածաշրջանում վտանգավոր ու խոշոր պատերազմի պատճառ դառնալ։ Իրանցի քաղաքական գործչի խոսքով` ագրեսիվ գործողությունների դեպքում Իրանի արձագանքը կլինի խիստ և լուրջ, և Սիրիայի դեմ իրականացված ռազմական ցանկացած գործողություն ձեռնարկելիս Միացյալ Նահանգները պետք է հաշվի առնի Իրանի պատասխանը։

Անդրադառնալով Ռուսաստանի վճռական արձագանքին` Բորուջերդին ասել է` ամերիկացիները սկսում են հասկանալ, որ սադրանքներն ու լարվածության բարձրացումը այդ տարածաշրջանում հենց ԱՄՆ-ի շահերից չի բխում։