Էստոնահայերից յուրաքանչյուրը փորձում է տեղ հասցնել Ցեղասպանության սարսափը

Էստոնիայի հայկական համայնքը յուրովի է նշում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են նշել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը հայ-էստոնական բարեկամության հուշարձանի մոտ ծաղիկներով երթով։

Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Էստոնիա-Հայաստան տեսակապի ժամանակ ասաց Էստոնիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատի ղեկավար, Տալլինի պատվավոր քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանը։

«Մենք ամեն տարի նշում ենք Հայոց ցեղասպանության տարելիցը։ Երեխաները պետք է իմանան այդ մասին, ծնողները պետք է փոխանցեն նրանց այն ամենը, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ», — ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` համայնքը Թուրքիայի դեսպանատան դիմաց հանրահավաքներ կամ ջահերով երթ չի կազմակերպում, քանի որ Էստոնիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Համայնքը գիտաժողովների, հրապարակումների ճանապարհով փորձում է հասարակությանը տեղ հասցնել այն վայրագությունները, որոնք Օսմանյան կայսրությունում իրականացվել են հայերի նկատմամբ։ Նա նաև պատմեց, որ տներում մոմեր են վառվում զոհերի հիշատակին։

Այս մարդիկ գերեզմաններ չունեն. խաչքար Ամստերդամում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Տալլինի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ավետիս Հարությունյանն էլ ասաց, որ տարբեր կազմակերպություններ յուրովի են այդ տեղեկությունը տեղ հասցնում։ Օրինակ` նրանց ֆուտբոլային ակումբն այդ օրվա նվիրված խաղեր է անցկացնում, դաշտ է դուրս գալիս սև ժապավեններով։

«Յուրաքանչյուրը փորձում է տեղ հասցնել հայերի հետ տեղի ունեցած սարսափները», — ասաց Հարությունյանը։

Էստոնիայում, պաշտոնական տվյալների համաձայն, մինչև 2000 հայ է ապրում։ Նրանց առջև խնդիր է դրված` պահպանել ազգային ինքնությունը։ Անկախ նրանից, որ Էստոնիայում երեք կիրակնօրյա դպրոցներ են գործում, որոնց շրջանակներում երեխաներին հայոց լեզու, պատմություն, մշակույթ, կրոն են դասավանդում, շատ դժվար է չձուլվել Էստոնիայի պես երկրում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում։

Համայնքի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ տեղի հայերը վատ գիտեն մայրենի լեզուն, սակայն միևնույն ժամանակ հիանալի տիրապետում են 3-4 օտար լեզվի։ Հայաստանի և Էստոնիայի պատմական կապերի մասին առաջին հիշատակումը XIV դարով է թվագրվում։