Տալլինը բացատրություն է ակնկալում հայուհուն Բաքվից արտաքսելու համար

Բաքուն Էստոնիային դեռ չի պարզաբանել, թե ինչու է Կարինե Օգանեսյանին արտաքսել Ադրբեջանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարարությունը դեռ ոչ մի կերպ չի բացատրել էստոնական կողմին, թե ինչ պատճառով է Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդատու Կարինե Օգանեսյանն արտաքսվել Բաքվի օդանավակայանից։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Էստոնիա-Հայաստան տեսակապի ժամանակ ասաց Տալլինի հայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Իվանյանը։

Միջազգային գիտաժողովի մասնակից հային Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահելով հետ են ուղարկել

Դեպքը տեղի է ունեցել մարտի վերջին, երբ Օգանեսյանը էստոնական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր մանկավարժների միջազգային գիտագործնական համաժողովին։ Օգանեսյանը նախապես լրացրել էր էլեկտրոնային վիզան և գրանցվել որպես միջոցառմանը հավատարմագրված մասնակից։

Երբ պատվիրակության ներկայացուցիչը ժամանել էր Ադրբեջան, երկրի իշխանությունները «նկատել էին թյուրիմացությունը»` Կարինե Օգանեսյանի հայկական ծագումը։ Քաղաքական գործչին Բաքվի օդանավակայանի հատուկ գոտի էին տեղափոխել, իսկ 12 ժամ անց արտաքսել Էստոնիա։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ Էստոնիային չի պարզաբանել, թե ինչու նրան թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը», — ասաց Իվանյանը։

Էստոնիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատի ղեկավար, փիլիսոփայության դոկտոր, Տալլինի պատվավոր քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին հայտնեց, որ Էստոնիայի համայնքի ներկայացուցիչներն այս դեպքի առնչությամբ բողոքել են։ Ադրբեջանի արձագանքը նրանց արդեն չի զարմացնում, քանի որ նույնիսկ Էստոնիայում ապրող ադրբեջանցիները փորձում են անդադար խանգարել հայերին այս կամ այն միջոցառումների կազմակերպման հարցում։

Այսպես, օրինակ, Էստոնիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են խանգարել «Հայաստանի պատմական քարտեզներ» ցուցահանդեսի անցկացմանը։ Ցուցահանդեսում ներկայացվել էին Ֆրանսիայի ազգային գրադարանի, Բրիտանական գրադարանի և Բրիտանական թանգարանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի, Բավարիայի պետական գրադարանի, Ջոն Ռայնոլդսի գրադարանի, Վատիկանի գրադարանի, Երևանի «Մատենադարանի» հին ձեռագրերի ինստիտուտի պահոցներում և մարդկության հոգևոր մշակույթի գանձերի մի շարք այլ պահոցներում գտնվող հազվագյուտ իրերը։