Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարար ընկերություններին

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է ՊՆ–ի և մատակարարների միջև ծագած խնդրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության և այդ գերատեսչությանն ինչ-որ ապրանքներ մատակարարող ընկերությունների միջև բախումները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն իր նշանակվելու օրվանից պատերազմ է հայտարարել անխտիր բոլորին՝ ընկերությունների ու մատակարարների մեջ տեսնելով բացառապես օրինախախտների: Նկատենք, որ հաճախ ՊՆ-ի կողմից թիրախավորվում են իրապես պրոֆեսիոնալ ընկերություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ին զինվորականների ներքնաշորեր մատակարարող «Գևգրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ակնկալելով, որ կվերականգնվի մրցութային հանձնաժողովի կողմից մերժված մրցույթում շահելու իր իրավունքը (ըստ հանձնաժողովի պատճառաբանության` մերժումը եղել է մրցութային հանձնաժողովի քարտուղարի սխալի պատճառով):

Ուշագրավն այն է, որ բողոքարկման խորհուրդը ևս մերժել է ՍՊԸ-ի բողոքը՝ առանց հիմնավորման, և փաստեր կան, որ մերժման համար եղել է կոնկրետ միջնորդություն:

ՍՊԸ-ի տնօրինության հույսը մնացել է դատարանի որոշումը: