Երեխային վիրահատարանից դուրս են բերել կապտուկներով և ասել, որ անդաստիարակ է

Երեխայի մայրը Ոստիկանության Կապանի բաժնում հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 13-ին, Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանն իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային բժիշկները դուրս են բերել դեմքի շրջանում կապկտուկներով և հանձնել մորը։ Բուժքույրը հայտարարել է, թե նա շատ անդաստիարակ երեխա ունի, որը չի թողել սկսեն վիրահատությունը:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` հղում կատարելով տղայի մոր` Նարինե Խաչատրյանի հաղորդած տեղեկության վրա։

Երևանում տատը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է

Shamshyan.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Նարինեն նշել է, որ երեխային առավոտյան ժամը 09:00-ին տարել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ պետք է նշիկների վիրահատություն կատարեին: Ժամը 10:00-ին պայմանավորվածության համարձայն՝ երեխային տեղափոխել են վիրահատարան: Սակայն վիրահատությունը սկսելուց կես ժամ անց բուժքույրը՝ ոմն Զոյա, բարկացած դուրս է եկել վիրահատարանից և հայտարարել, թե նա անդաստիարակ երեխա ունի, չի թողնում սկսել վիրահատությունը։

Մայրը պատմել է նաև, որ որդու դեմքին բազում կապտուկներ են եղել, իսկ երեխան ուժասպառ վիճակում էր:

Կինը բողոքով դիմել է կենտրոնի գլխավոր բժշկին, սակայն բժիշկն, ըստ նրա, միայն բավարարվել է բուժքրոջը դիտողություն անելով:

Նարինե Խաչատրյանը Ոստիկանության Կապանի բաժնում հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել` պահանջելով նման անմարդկային և երեխայի հոգեբանական հմտություններին չտիրապետող բուժանձնակազմին հեռացնել աշխատանքից և պատժել։