ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Հայաստանը չի կարող հեռու մնալ Սիրիայի շուրջ ընթացող գործընթացներից և իրադարձություններից, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ Սիրիայի տարածքում մինչև այսօր էլ հայկական մեծ համայնք կա, և տեսականորեն չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Դամասկոսի դեմ իրականացվող ռազմական գործողությունների դեպքում հարվածի տակ կհայտնվեն նաև հայերը։
«Այս առումով պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական ակտիվություն դրսևորեր, ընդհուպ մինչև դեմարշներ։ Չի կարելի ձեռքերը ծալած նստել, պետք է դիրքորոշումը հասցնել համաշխարհային հանրությանը։ Պետք է ամեն կերպ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ», — ասաց արևելագետը։
Նա նաև համոզված է, որ իրավիճակի սրացման և ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտին Ռուսաստանի անմիջական ներգրավվածության դեպքում, որպես Մոսկվայի ռազմավարական դաշնակից`Հայաստանը որոշակի պարտավորություններ է ունենալու։
Սիրիայի շուրջ հակամարտությունը մոտեցել է ծայրահեղ վտանգավոր սահմանի, կարծում է փորձագետը` նշելով, որ Թրամփի «թվիթերյան» դիվանագիտությունը սրում է իրավիճակը, իսկ դրան հակառակ Մոսկվայի գործողությունները ավելի զգուշավոր և զուսպ են։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և դաշնակիցներ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտնել են սիրիական ռազմական օբյեկտների և քիմիական զենքի արտադրման ենթադրյալ ձեռնարկությունների ուղղությամբ հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։ Մոսկվան սպառնացել է պատասխան միջոցների դիմել, եթե հարվածի հետևանքով ռուսական զինվորականներ տուժեն։ Վաշինգտոնում դժվարանում են նշել գործողությունների մեկնարկի ժամկետները։