Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության ցույցը

Ակցիան ուղղված է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ, ցույցի նախաձեռնողը` պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել քաղաքացիներին միանալ շարժմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Երևանում` Ազատության հրապարակում, ընթանում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցների ցույցը։ Ակցիան բավական մարդաշատ է, հրապարակը լեփ-լեցուն է։

Հանրապետական կուսակցության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. լուսանկարներ

Ակցիան ուղղված է այժմ էլ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ։ Ցույցին նախորդել էր «Իմ քայլը» ակցիան` Հայաստանի տարածքով Փաշինյանի նախաձեռնած քայլարշավը։ Մի քանի օրում Փաշինյանը և նրա համախոհները ոտքով հաղթահարել են ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։

Քայլարշավն ավարտվել է Երևանում։ Իր ելույթում Փաշինյանը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին միանալ ցույցին և իրենց ավանդն ունենալ պայքարում։

Հատկանշական է, որ երկու քաղաքական ուժերը` «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», որոնք Փաշինյանի կուսակցության հետ միասին խորհրդարանական «Ելք» դաշինքն են ձևավորել, չեն մասնակցում ցույցին։