Ինչ է պետք անել հրդեհի պահին. Երևանի խոշոր օբյեկտներում վարժանքներ կանցկացնեն փրկարարները

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո Հայաստանի ԱԻՆ–ն օրակարգային է համարում խոշոր ժամանցի կենտրոններում բնակչության անվտանգության հարցը. Փրկարարները երեկոյան և գիշերային վարժանքներ կանցկացնեն Երևանի խոշոր օբյեկտներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Երևանի փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ապրիլի 16-ից խոշոր օբյեկտներում` «Դալմա գարդեն մոլ», «Պրոսպեկտ», «Հայ-բելառուսական առևտրի տուն», «Մետրոնոմ», «Ռոսիա», «Տաշիր», «Պալաս» առևտրի կենտրոններ, Երևան տոնավաճառ, «Վեգա» հիպերմարկետ, «Հագուստի աշխարհ» խանութների ցանց, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց, «Տաշիր» պիցցերիաների ցանց, «Լաթար» հյուրանոցային և «Կովկաս» ռեստորանային համալիրներում, երեկոյան ժամերին կանցկացվեն «Հրդեհների դեպքում կազմակերպության աշխատակիցների տարհանման կազմակերպում» թեմայով վարժանքներ՝ վարչության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ։

Կեմերովոյի հրդեհի ժամանակ մարդիկ դուրս գալու հնարավորություն չեն ունեցել. նոր տեսանյութ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում նշված է, որ փրկարարներն անձնակազմին և այցելուներին կներկայացնեն խոշոր հրդեհի ժամանակ պաշտպանության վարքականոնը, տարհանման ուղիներն ու խուճապը հաղթահարելու միջոցները, փրկարար ծառայություն ահազանգելու կարգը։

Մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհը 64 մարդու, այդ թվում՝ 41 երեխայի կյանք խլեց:

Ողբերգությունից հետո ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների համաձայն` ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ստուգումներ և հետազոտություններ իրականացրեցին հանրային սննդի, սպասարկման և ծառայությունների մատուցման օբյեկտներում, խոշոր առևտրային կենտրոններում, ռեստորանային համալիրներում:

Հայտնաբերված ամենատարածված խախտումը տարհանման ելքերի, հակահրդեհային և ծխահեռացման ինքնաշխատ համակարգերի բացակայությունն է: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների թերությունների վերացման վերաբերյալ ավելի քան 30 կարգադրագիր են հանձնել: Կարգադրագրերով սահմանված ժամկետների ավարտին կրկնակի ստուգայցեր կկազմակերպվեն, թերությունները վերացրած չլինելու դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի: