Բողոքի ցույցը կշարունակվի ողջ գիշեր, ցուցարարները կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում

Ազատության հրապարակում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած բողոքի ցույցը տեղափոխվեց Ֆրանսիայի հրապարակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ակցիայի մասնակիցներն այս պահին փակել են Ֆրանսիայի հրապարակի 4 ելքերը` չնայած Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի նախազգուշացումներին։ Տրանսպորտային միջոցներն այլևս չեն կարողանում մուտք գործել հրապարակ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում:

«Եթե հրապարակն այսպես մնա, ոստիկանությունը չի կարողանա ուժ գործադրել։ Ես հույս ունեմ, որ մարդիկ կտեսնեն մեզ և կգան Ֆրանսիայի հրապարակ։ Մեր նպատակն է փակել հրապարակի բոլոր մուտքերն ու ելքերը»,- ասաց Փաշինյանը

Երևանի կենտրոնում երթևեկությունը այս պահին կաթվածահար վիճակում է, կենտրոնական որոշ փողոցներ փակվել են, որոշները դժվարանցանելի են։ Ցուցարարներին ամենուրեք վերահսկում և հետևում են ոստիկանները։

Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության ցույցը

Ակցիայի նախաձեռնողները մտադիր են վաղը գնալ Մելիք-Ադամյան՝ խափանելու ՀՀԿ խորհրդի նիստը, ինչպես նաև շրջափակել իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը։

Նշենք, որ Երևանում Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցների ցույցը։ Ակցիան բավական մարդաշատ է, հրապարակը լեփ-լեցուն է։

Ակցիան ուղղված է այժմ էլ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ։ Ցույցին նախորդել էր «Իմ քայլը» ակցիան` Հայաստանի տարածքով Փաշինյանի նախաձեռնած քայլարշավը։ Մի քանի օրում Փաշինյանը և նրա համախոհները ոտքով հաղթահարել են ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։

Քայլարշավն ավարտվել է Երևանում։ Իր ելույթում Փաշինյանը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին միանալ ցույցին և իրենց ավանդն ունենալ պայքարում։

Հատկանշական է, որ երկու քաղաքական ուժերը` «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», որոնք Փաշինյանի կուսակցության հետ միասին խորհրդարանական «Ելք» դաշինքն են ձևավորել, չեն մասնակցում ցույցին։