Հայաստանը հետևում է ռուբլու անկմանը. կառավարությունը խոստանում է միջոցներ կիրառել

ՀՀ կառավարությունում հետևում են ռուսական ռուբլու փոխարժեքի փոփոխությանը և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները կարճաժամկետ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության համար վտանգավոր չեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը։

«Անհրաժեշտության դեպքում կառավարությունն իր գործիքակազմով հանդես կգա»,- վստահեցրեց Կարայանը։

Իսկ առայժմ գործադիրում սահմանափակվում են հարցն ուշադրության կենտրոնում պահելով, ռուսաստանյան գործընկերների և տեղական արտահանողների հետ խորհրդակցություններ անցկացնելով։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել էր`«ռուսական ռուբլու անկումը Հայաստանի համար կատաստրոֆա չէ»։

Ապրիլի 6-ին, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ, և ամերիկյան գործարարներին արգելվեց գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց և ընկերությունների հետ, Մոսկովյան բորսայում եվրոյի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկում գրանցվեց։ 1 եվրոյի արժեքը գերազանցեց 78,42 ռուբլի փոխարժեքը, այն դեպքում, երբ 2016 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը չէր գերազանցել 63 ռուբլին։