Ձախ մի գնա, աջ մի գնա. Հայաստանում դժգոհ են Freedom House–ի զեկույցից

Հայաստանի քաղաքական գործիչներին պիտակավորել են. ՀՀ արդարադատության նախախարի պաշտոնակատարի համար անընդունելի է Freedom House–ի զեկույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Freedom House-ի վերջին զեկույցն արմատապես տարբերվում է նախորդներից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի դիտարկում արեց ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը`վերլուծելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության` ապրիլի 11-ին հրապարակված զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանին։

Զեկույցն ուշադիր ուսումնասիրողը, Դավիթ Հարությունյանի համոզմամբ, չի կարող չնկատել, որ դրանում իրար հակասող ձևակերպումներ կան։

«Օրինակ` եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա Հայաստանը կտանի դեպի ավտորիտար ռեժիմ։ Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում։ Այսինքն` ձախ մի գնա, աջ մի գնա»,- ասաց Հարությունյանը։

Հաջորդ իրողությունը, որ գրավել է արդարադատության նախարարի պաշտոնակատարի ուշադրությունը, «Սասնա ծռեր» խմբին վերաբերող հատվածն է։

«Գոնե մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել է զինված հարձակում։ Ինձ չհաջողվեց գտնել»,- նշեց նա։

Բացի այդ, Դավիթ Հարությունյանը շեշտեց` զեկույցում առաջին անգամ է տեսնում, որ քաղաքական գործիչների վերաբերյալ պիտակավորումներ օգտագործվեն։ «Քննադատություն` այո, բայց երբևէ ոչ պիտակավորում,- ասաց Հարությունյանը,- սա այն զեկույցն է, որտեղ առկա են նաև պիտակներ»։

ՀՀԿ–ն որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին. այլ անուն չի էլ հնչել

Նշված իրողությունները, Հարությունյանի համոզմամբ, վկայում են, որ զեկույցն արմատապես շեղվել է նախկինում Freedom House-ի կիրառած դասական մեթոդաբանությունից, ինչի հետևանքով զեկույցը կորցնում է իր արժեքը։

Ապրիլի 11-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ զեկույցը։ Դրանում նշված է, որ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ հետքայլ է գրանցել և կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:

Ըստ զեկույցի հետխորհրդային երկրներից Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային։ Իսկ Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները Հայաստանից ավելի վատ դիրքում են։

Freedom House-ը ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություն է, որն ամեն տարի հրապարակում է մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության կայացման վերաբերյալ զեկույցներ` աշխարհի երկրների վերաբերյալ: Այս զեկույցով է առաջնորդվում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան` տվյալ երկրներին ֆինանսական օժանդակություն տրամադրելիս։