Աշխատանքային օրը կտեղափոխվի. 4 օր անընդմեջ կհանգստանանք

Կառավարությունը մտադիր է ՀՀ աշխատող քաղաքացիներին 4 օր անընդհատ հանգստանալու հնարավորություն ընձեռել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ապրիլի 30-ը ոչ աշխատանքային օր կլինի։ Ամսի 30-ի աշխատանքային օրը մայիսի 5` շաբաթ օր տեղափոխելու որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծի համաձայն` այս տեղափոխությունը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի տոն օրվան նախորդող 3 օրերին ևս հանգստանալ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստն այսօր «Կառավարության գործունեության մասին» նոր օրենքով կգումարվի դռնփակ։

Չնայած նախորդ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հավաստիացումներին, լրագրողների մուտքը կառավարության շենք նիստի ընթացքում կարգելվի։ Կառավարության դռները կբացվեն միայն նիստից հետո հրավիրվող ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ մայիսի 1-ին աշխարհի մի շարք երկրներում միջազգային տոն է` Աշխատավորի  օրը, որը նախկինում այլ անվանում ուներ` Աշխատավորների համերաշխության միջազգային օր: 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները գործադուլ հայտարարեցին` պահանջելով աշխատանքային օրը դարձնել 8 ժամ: Գործադուլն ու դրան հաջորդած ցույցն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով: 1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր անցկացնել: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշեցին 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և այլ երկրներում: