Բաքվի «սև ցուցակը» խոչընդոտ չէ. հայտնի շեֆ խոհարար Բուրդենը CNN–ով կներկայացնի Արցախը

Ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրքերի հեղինակ, ճանապարհորդ ու «Անծանոթ վայրեր» ծրագրի հաղորդավար Էնթոնի Բուրդենը Հայաստան ու Արցախ է եկել նախորդ տարվա հոկտեմբերին։ Իր ճանապարհորդության մասին նա կպատմի ծրագրի հերթական թողարկման ժամանակ, որը եթեր կհեռարձակվի մայիսին CNN հեռուստաալիքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանին ու Արցախին նվիրված «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» ամերիկյան հայտնի հաղորդման թողարկումը եթերում կլինի մայիսի 20-ին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքի Cnnpressroom կայքը։

Գալիս եմ Արցախ` որպես հոգեհարազատ մի երկիր. ռուս լրագրող

«Աշխարհահռչակ ռոք կատարող, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի ու պատմաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ հեռուստաշոուի հեղինակ ու հաղորդավար Էնթոնի Բուրդենը մանրամասն ուսումնասիրում է երկրի մշակույթն ու պատմությունը, որի վրա մեծ ազդեցություն են ունեցել Եվրոպան ու Ռուսաստանը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայտնի հաղորդավարը ճաշում է Թանկյանի հետ Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, իսկ տեղացիների հետ ընտրելու ընթացքում ուսումնասիրում է հայ ժողովրդի մշակույթն ու հոգեկերտվածքը։

Հայաստանին ու Արցախին նվիրված առաջիկա հաղորդման ծանուցումն իր ֆեյսբուքյան էջում արել է նաև ինքը` Սերժ Թանկյանը։ Թանկյանը հետևյալ կերպ է մեկնաբանել Բուրդենի հետ համատեղ լուսանկարը. «Կողքիս Էնթոնի Բուրդենն է։ Դիտեք մեր ճանապարհորդությունը հզոր սև «Վոլգայով» նրա «Անծանոթ վայրեր» հաղորդման ընթացքում մայիսի 20-ին»։

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, գրքերի հեղինակ, ճանապարհորդ ու «Անհայտ վայրեր» ծրագրի հաղորդավար Էնթոնի Բուրդենը Հայաստան ու Արցախ է եկել նախորդ տարվա հոկտեմբերին։ Հայտնի հաղորդավարը եղել է Շուշիում ու Ջդրդուզի ձորում։ Արցախում ժենգյալով հաց, խորոված, մածուն, թթի ու հոնի օղի է համտեսել։

Ամերիկյան շեֆ-խոհարարի ճանապարհորդությունը, բնականաբար, անտարբեր չի թողել Ադրբեջանին։ Նա հայտնվել է հարևան երկրի «սև ցուցակում»։