Թրամփը խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային. «Նրանք հաճելի են, նոր և «խելացի»»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել նախապատրաստվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Սիրիային հարված հասցնել։ Նա Twitter-ի իր էջում մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները։

«Ռուսաստանը երդվում է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ։ Պատրաստվի՛ր, Ռուսաստան, նրանք կգան` հաճելի, նոր ու «խելացի»։ Դու չպետք է լինես այն կենդանու գործընկերը, որն իր մարդկանց գազով է սպանում և բավականություն ստանում դրանից», — գրել է Թրամփը։

Ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրած մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։ «Արևմտյան քաղաքական գործիչներին կոչ ենք անում զսպել ճուռակային հռետորությունը, լուրջ մտածել հավանական հետևանքների մասին և դադարեցնել անխոհեմ հավակնությունները, որոնք մարտահրավեր են նետում գլոբալ անվտանգությանը։ Այն, ինչին հանգեցնում են Արևմուտքի ռազմական ավանտյուրաները, մենք լավ գիտենք Հարավսլավիայի, Իրաքի և Լիբիայի օրինակով», — ասել էր նա։