Նա քրիստոնյա չէ. 80–ամյա թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին

Թուրքական Մարդին քաղաքի հայկական եկեղեցուն նախկինում հետևում էր հայերի վերջին ընտանիքը, այսօր այդ գործն անում է 80 տարեկան Խաթուն Ջաջուռը, որի մասին գրել է Dailysabah թերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Թրքուհի Խաթուն Ջաջուռն ամեն օր կռանում է Թուրքիայի Մարդին քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու պատերի և սալաքարերի վրա, գրում է Dailysabah-ը։

Եկեղեցին վաճառել են, բայց ստիպել են պահպանել հայկական գրությունը․ այսքա՞ն էլ տարբեր հայեր

Նա քրիստոնյա չէ, բայց դա որևէ նշանակություն չունի։ Ջաջուռը կարծում է, որ չի կարելի անխնամ թողնել եկեղեցին։

80-ամյա Խաթունը դանդաղ ու հանգամանորեն մաքրում է եկեղեցին, կտրում է բակի թփերը, ջրում ծաղիկներն ու ծառերը։ Իսկ ո՞վ է հոգ տանում նրա մասին։ Կինը մենակ է ապրում, ամուսինը վաղուց է մահացել։ Նա կարծես չի էլ նկատում իր հիվանդությունները։

«Առանց հավատի գործը կմեռնի», — ասում է Խաթունը։

Մարդինը եղել է Թուրքիայի բազմազգ քաղաքներից մեկը։ Այստեղ ապրել են արաբներ, ասորիներ, քրդեր, հայեր, թուրքեր։ Հիմա հայերից միայն մի տարեց զույգ է մնացել։ Քանի դեռ կարողանում էին, նրանք էին խնամում եկեղեցին։

«Նրանք երկուսն են` Յուրշալինը և նրա ամուսինը` Նայիֆը։ Հիմա արդեն հիվանդ են, չեն կարողանում եկեղեցի գալ, կարգուկանոնին հետևել։ Հիմա ես եմ այդ գործն անում աստծու օրհնությամբ։ Ի վերջո, ես լավ գործ եմ անում», — ասում է Խաթունը։

Daily Sabah թերթը գրում է, որ Թուրքիայի այսօրվա հայ համայնքը 33 գործող եկեղեցի ունի. հայերի զգալի մասին «տեղափոխել» են ժամանակակից Թուրքիայի սահմաններից դուրս։

Հայ և օտարերկրացի պատմաբանների տվյալներով` մինչև 1915թ-ը Թուրքիայում եղել են մոտ 2,5 հազար հայկական և մոտավորապես նույնքան հունական եկեղեցիներ, ասորականների թիվը գերազանցել է 100-ը։ Գրեթե բոլորը ոչնչացված են, իսկ պահպանված եկեղեցիների ծագման մասին լռում են։