ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Լավ է, որ Խոսրովի անտառում արդեն կան բարենպաստ պայմաններ ընձառյուծի համար»

Առաջին անգամ տեսախցիկները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծի տեղաշարժը Խոսրովի անտառում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։
Sputnik
Մարինե Կարապետյան

«Ֆանտաստիկ լավ լուր է, որովհետև երկար տարիներ չունեինք այն վստահությունը, որ Խոսրովի անտառում Կովկասյան ընձառյուծ կա։ Որձ ընձառյուծ է, հուսանք` շուտով նրա ընկերուհուն էլ կտեսնենք։ Հուսադրող է, որ Խոսրովի անտառում արդեն կան բարենպաստ պայմաններ ընձառյուծի վերադարձի համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարինե Կարապետյանը։

2002 թ․-ից սկսած` ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) Հայաստանում իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը, որի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի և նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ որպես «կրիտիկական» վիճակում գտնվող տեսակ։

Հայաստանում ներկա պահին հաշվառված է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: