ՀՀԿ–ն որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին. այլ անուն չի էլ հնչել

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, թե ինչ է քննարկվել նիստի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀԿ գործադիր մարմինն այսօր վերջապես ՀՀ ապագա վարչապետի հետ կապված քննարկում անցկացրեց, որից հետո կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` Հայաստանի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է։

«Այլ անուն չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել։ Մենք բոլորս միահամուռ ենք այդ հարցում։ Բացի Սերժ Սարգսայնից, այլ անուն չի էլ քննարկվել»,- ընդգծեց Շարմազանովը։

Կուսակցության խոսնակը նշեց, որ քննարկումներն ընթացել են համերաշխության մթնոլորտում։ Առանց բացառության` ՀՀԿ-ի բոլոր անդամներն ընդունել են Սարգսյանի թեկնածության առաջարկը։

«Շաբաթ օրը ՀՀԿ նիստում կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին»,– ավելացրեց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականը, ինչը Սահմանադրության պահանջ է: Ապրիլի 9-ից հետո, մինչև նոր կառավարության ձևավորումը գործադրի անդամները կշարունակեն աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով: ՀՀ վարչապետի ընտրությունն ԱԺ-ում նշանակված են ապրիլի 17-ին: