Արմենուհի Մխոյան, Sputnik.
Հայկը 19 տարեկան է: 9 տարեկանից այցելում է Հայկական Կարիտաս Բարեսիրական հասարակական կազմակերպության «Էմիլի Արեգակ» կենտրոն: Կենտրոնում Հայկն իր նման՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ երաժշտաթերապիա է անցնում: Երաժշտությունն աուտիզմ ունեցող երեխաների հույզերի արտահայտման և ինքնադրսևորման լավագույն տարբերակներից է: Երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանը տարիների ընթացքում եկել է այն եզրահանգման, որ հատկապես այս խնդիրն ունեցող մարդիկ շատ նրբանկատ են. արդյունքի հասնելու համար պետք է վստահությունը շահել։
«Կարևոր է ամեն մանրուք, նույնիսկ սենյակի փոփոխությունը կարող է հիասթափեցնել նրանց»,- ասում է նա:
Խոսելու կարողությունից զուրկ պատանին այնքան արհեստավարժ ու հմտությամբ էր նվագում հայտնի ստեղծագործությունները, որ անտարբեր չթողեց հանդիպման ներկաներին, իսկ վերջում իր իսկ կատարումներից գոհ՝ ուրախությամբ «բրավո» բղավեց:
Ամենաշատը հուզված էր մայրիկը՝ Սոֆյա Պողոսյանը:
«Երաժշտություն միշտ է սիրել, և ամեն բան չէ, որ սիրում է լսել կամ նվագել. հատկապես դասական երաժշտություն է շատ սիրում, իսկ երբ այլ ոճի երաժշտություն է լսում, անմիջապես փակում է ականջները կամ անջատում հեռուստացույցը։ Շատ է սիրում Վիվալդի, իսկ օրինակ Պավարոտի լսելիս կարող է արտասվել: Այս ընթացքում վարքագծային մեծ փոփոխություններ նկատեցինք Հայկի մոտ: Երաժշտությունն իրեն շատ է օգնում»,- ասաց Հայկի մայրը՝ նշելով, որ ընտանիքում երաժիշտներ չկան:
Սոֆյա Պողոսյանը նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս զենքը վայր չդնել ու պայքարել:
«Հայկը փոքր հասակում շատ անհանգիստ էր, ու նրան հանգստացնելու համար սինթեզատոր գնեցինք, զգացինք, որ նվագում է, ու այդ նվագը պատահական ձայներ չէին, այլ ինչ-որ նոտաներ, հետո «Էմիլի Արեգակում» Տիկին Գոհարի շնորհիվ սկսեց նվագել, երկու տարի երաժշտական դպրոց էլ է գնացել, նոտա գիտի։ Ճիշտ է` դրանք չի գրում ու նոտայով չի նվագում, միայն Տիկին Գոհարի հետ է նվագում: Պետք է վստահի, որ շփվի, իսկ այստեղ վստահելով, իր մարզչին նվագում է այն ինչ ասում է տիկին Գոհարը»,-նշեց մայրը՝ խորհուրդ տալով նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին թևաթափ չլինել ու շատ սիրել երեխային:
2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ապրիլը հայտարարել է աուտիզմի իրազեկման ամիս: ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում 68 երեխայից 1-ի մոտ աուտիզմ է ախտորոշվում: Տղաների մոտ 5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների: Հայաստանում պաշտոնապես գրանցված է 1000-ից ավելի աուտիզմ ունեցող երեխա: