ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Եթե գերտերությունները չսթափվեն, ցավալի հետևանքներ կլինեն»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեկնաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը` նշելով, որ այսօր աշխարհում կատարվող իրադարձությունները կարող են ողբերգության հանգեցնել։
Sputnik
Երվանդ Բոզոյան

Քաղաքագետը կարծում է, որ մարդկությունն ապրում է մի նոր Կարիբյան ճգնաժամ, որը հղի է լուրջ հետևանքներով։

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ցանկացած հարված ինչ հակահարված կբերի և շղթան ուր կտանի։ Երրորդ համաշխարհային պատերազմի լրջագույն վտանգ կա։ Բոլորն էլ հասկանում են, որ Երրորդ համաշխարհայինը պոտենցիալ վտանգ է ամբողջ մարդկության համար, բայց ո՞վ ասաց, որ այդ պատերազմը չի կարող բռնկել շատ պատահական գործընթացների հետևանքով»,- նշեց Բոզոյանը։

Նրա խոսքով` այսպիսի իրավիճակ նույնիսկ սառը պատերազմի ժամանակ չի եղել, եթե չհաշվենք Կարիբյան ճգնաժամը։

«Ես կարծում եմ, որ սա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային ճգնաժամի կարող է հանգեցնել։ Սա աննախադեպ է ժամանակակից աշխարհի համար։ Եթե գերտերությունները չսթափվեն, այս ամենը չկանխվի, ապա շատ վտանգավոր պրոցեսների կարող է հանգեցնել»,- նշեց նա։