Բաբլոյանը քննադատել է. «Ելքի» ակցիան վտանգավոր էր ԱԺ–ում գտնվողների համար

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անընդունելի է համարել ԱԺ դահլիճում ծուխ արձակելու ընդդիմության ակցիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության ակցիան վտանգի էր ենթարկել ԱԺ շենքի ու ներսում գտնվողների անվտանգությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

Ընդդիմությունն ԱԺ–ի դահլիճում վառեց «ազատության ջահը». դահլիճը պատվեց ծխով

«Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլ քաղաքացի ու բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին ու քաղաքացիներին դնեն այնպիսի վիճակի մեջ, որը վտանգում է նրանց առողջությունը կամ կյանքը: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այստեղ լինի հրդեհ և այստեղ 700 աշխատակիցներ վտանգված կլինեն: Ես այդ արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց Բաբլոյանը` գնահատելով ընդդիմադիր պատգամավորների իրականացրած ակցիան:

Հիշեցնենք, այսօր «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջօրյա հանրահավաքներին միանալու կոչ անելու նպատակով ծխացող գունավոր ճայթուկներ էին այրել, որի հետևանքով դահլիճը լցվել էր դեղին ու կանաչ ծխով։