Ոստիկանությունը զգուշացնում է Երևանի երթերի մասնակիցներին

Երևանում անցկացվող հավաքների ու երթերի մասնակիցներին հորդորում են խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Այս օրերին Երևան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ և երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները: Այս մասին նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը բողոքի «մարաթոն» է սկսել Հայաստանի քաղաքներով

«Երթերն ունենում են 100-ից ավելի մասնակիցներ, սակայն այդ առթիվ սահմանված կարգով իրազեկումներ չեն ներկայացվում համայնքի ղեկավարին, փակվում են փողոցների երթևեկելի մասերը, խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը»,- հայտնում է ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանությունը հավաքների և երթերի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում է խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները, այդ թվում՝ անհամաչափորեն չսահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերը, չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց:

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքների կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից կատարված ցանկացած իրավախախտման օրենսդրության շրջանակում տրվելու է համարժեք իրավական գնահատական: