Ի՞նչ է Արտակ Զեյնալյանը պահանջում Սերժ Սարգսյանից

Սերժ Սարգսյանը կառավարության որոշմամբ երեկվանից արդեն Կոնդի ամառանոցի սեփականատերն է։ Ընդդիմադիր պատգամավորը նրան կոչ է անում չխախտել խորհրդային տարիներից ձևավորված ավանդույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Պաշտոնաթող նախագահին բնակարան պետք է հատկացվի, բայց ոչ այն առանձնատունը, որը նրան տրվել է։ Այսօր ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց խորհրդարանի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

Անդրադառնալով Կոնդի առանձնատունը սեփականության իրավունքով Սերժ Սարգսյանին հանձնելու` կառավարության որոշմանը, պատգամավորն ասաց. «Սա առնվազն անընդունելի է, եթե չասեմ`անարդար է, եթե չասեմ` էգոիստություն է։ Բացառում եմ, որ այս որոշման նախագիծը համաձայնեցված չի եղել Սերժ Սարգսյանի հետ, կամ հենց իր հանձնարարությունը չի եղել»,– ասաց Զեյնալյանը։

Սերժ Սարգսյանն անտուն չի մնա. նա կշարունակի ապրել առանձնատանը

Նա անընդունելի համարեց դեռևս խորհրդային տարիներին ձևավորված ավանդույթը փոխելը, որի համաձայն, այսպես կոչված, կառավարական ամառանոցներում պաշտոնատար անձինք բնակվում էին միայն պաշտոնավարման ընթացքում։

«Եթե մենք այսպես ենք շարժվում, ապա տարիներ հետո չենք ունենա ոչ մի հին արժեք։ Որևէ կերպ չի կարելի այդ առանձնատունը և այդ տարածքի որևէ այլ առանձնատուն սեփականության իրավունքով հանձնել որևէ մեկին»,– նշեց նա` կոչ անելով Սերժ Սարգսյանին հրաժարվել առանձնատնից։

Հիշեցնենք, մարտի 29-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող 6-րդ մասնաշենքում գտնվող շենքը և շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Սերժ Սարգսյանին որպես բնակարան:

Որոշումն ուժի մեջ է մտել երեկ` ապրիլի 9-ին, այն պահից, երբ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը հանձնեց Արմեն Սարգսյանին։