ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից:
«Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով»,- նշված է Արցախի ՊՆ-ի հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել այս հորդորը և հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Նշենք, որ երեկ` ապրիլի 9-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը։ Այս տեղեկությունը Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվեց բավականին ուշ, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցներն արդեն հայտնել էին այդ մասին։