ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ռոսօբորոնէքսպորտի դեմ նոր պատժամիջոցներից հետո Անկարայում հաստատվել է Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրներ գնելու վճռականությունը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Աղբյուրի տվյալով` Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ինքն է որոշում իր ճակատագիրը։
Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել թուրք գործընկերոջ հետ։
«Քննարկվել է պայմանավորվածությունների ընթացքը, որոնք ձեռք են բերվել Անկարայում բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում», — ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրել են վարկային համաձայնագիր С-400 առաքելու վերաբերյալ։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության հայտարարության համաձայն, Անկարան գնում է այդ համալիրի երկու մարտկոցներ, որոնք կսպասարկի թուրքական անձնակազմը։
Պայմանագրի արժեքը գնահատվում է 2,5 մլրդ դոլար։ Թուրքիան առաջին զենիթահրթիռային համալիրները կստանա 2019թ-ի հուլիսին։