Կարեն Կարապետյանը բացեց խաղաքարտերը. ապագա վարչապետի թեկնածուն «բացահայտվեց»

ՀՀ կառավարության հրաժարականը ներկայացրած ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր բացահայտել է` ում թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ–ն վարչապետի պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀԿ-ն մտադիր է ապագա վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` այդ մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։

«Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ այս հարցը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ` շաբաթ օրն ունեցած հանդիպման ընթացքում։

Հայաստանի նոր վարչապետը երկու նստավայր կունենա

«Այո, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է»,- ասել է նա։

Կարեն Կարապետյանը նաև համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին արձանագրվելու է տնտեսական աճ։ Իսկ քաղաքական երկխոսության պարագայում` ֆունդամենտալ բարեփոխումներ։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Sputnik Արմենիային ասել էր, որ ապագա վարչապետի թեկնածությունը հայտնի կդառնա միայն երկու օրից` ապրիլի 11-ին նախանշված ՀՀԿ ԳՄ նիստից հետո։