Հայաստանի կառավարությունը հրաժարական տվեց

ՀՀ կառավարության ղեկավարը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ընդունել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը: Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

ՀՀԿ–ից ասել են` երբ կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը

Հիշեցնենք, որ ՀՀ նոր Սահմանադրության 212-րդ հոդվածի համաձայն` նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում՝ ապրիլի 9-16-ը, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: ԱԺ-ն նոր վարչապետին կընտրի ապրիլի 17-ին։

Նորընտիր վարչապետը կառավարությունը ձևավորելու համար առավելագույնը 15 օր ժամանակ ունի. հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին պետք է առաջարկի 3 փոխվարչապետների և 17 նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է նշանակումներ անի, կա՛մ անհամաձայնության դեպքում դիմի Սահմանադրական դատարան:

Ի դեպ, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նոր օրենքով նախարարությունների թիվը կրճատվել է ներկա 18-ի փոխարեն դառնալով 17։ Կրճատվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որն այսօր ղեկավարում է Վաչե Գաբրիելյանը։

ՀՀ կառավարության ներկա կազմը կշարունակի աշխատել պաշտոնակատարների կարգավիճակով, մինչ նոր կառավարության անդամների նշանակումը։