Լավրովը «և... և»-ի սկզբունքի մասին. Հայաստանը բոլորի հետ հաջող համագործակցության օրինակ է

ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն վաղ թե ուշ միմյանց ընդառաջ կգնան` կյանքը կստիպի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի —Sputnik. Հետխորհրդային տարածքում գտնվող երկրներին չի կարելի կեղծ ընտրության առաջ կանգնեցնել` կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի հետ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Ամբողջական տեքստը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում։

Լավրովի խոսքով` նման ընտրությունը կեղծ է և բացառապես գաղափարականացված։ Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է՝ հարաբերությունների բազմակողմանի զարգացումն ամենևինի էլ իմաստազուրկ չէ, այլ շահեկան քաղաքականություն է։ Լավրովի համոզմամբ` դրա վառ օրինակը կարող է լինել Հայաստանը։

Լավրովն արցախյան հակամարտության մասին. նոր գաղափարներ կան` մենք արդյունքի կհասնենք

«Այն, որ Հայաստանը պնդեց ԵՄ-ի հետ այնպիսի հարաբերություններ ունենալ, որոնք որպես ձեռք բերված փաստաթղթերի բաղկացուցիչ՝ ներառում են այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի իրավունքների ու պարտավորությունների ճանաչումը, դա, կարծում եմ, ճիշտ ուղղությամբ արված քայլ էր։ Անկասկած, որպեսզի ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ «Արևելյան գործընկերություն» անունը կրող ԵՄ-ի ծրագրի մյուս մասնակիցների իրավունքները չոտնահարվեն, որպեսզի նրանց շահերին վնաս չհասցվի, շատ կարևոր է, որ ԵՄ-ն հրաժարվի «կամ-կամ» արատավոր տրամաբանությունից, որն արդեն հանգեցրել է 2014 թվականի դեպքերին Ուկրաինայում», — ասել է ՌԴ ԱԳն ղեկավարը։

Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ դրա փոխարեն Ռուսաստանը հետևողականորեն այնպիսի մոտեցում է որդեգրել, որը համապատասխան ժողովրդի լիիրավ, լիարժեք ձևաչափով բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացում է ենթադրում։

«Դեռևս 2015 թվականին ԵԱՏՄ-ն ԵՄ-ին առաջարկեց սկսել կապեր հաստատել։ Այն ժամանակ գաղափարականացված, քաղաքականացված պատճառներով ԵՄ-ն հնարավոր չհամարեց ճանաչել ԵԱՏՄ-ն՝ որպես լիիրավ գործընկեր», — ասել է Լավրովն՝ ավելացնելով, որ այդ կանխակալ վերաբերմունքը, նախապաշարվածությունը որոշակի առումով մինչև օրս պահպանվում է։

Այնուհանդերձ, Լավրովը նշել է, որ այս ընթացքում Բրյուսելում խելամիտ մարդիկ են հայտնվել, և արդեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունն իր փորձագետների մակարդակով կապեր են հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների հետ։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հզոր խթան է Երևանի և Մոսկվայի համագործակցության համար

«Այժմ փորձեր են արվում այդ փորձագիտական կապերը մշտական դարձնել, որպես առաջին քայլ` ուղղել դրանք կարգավորիչ հարցերի համաձայնեցմանը։ Կարծում եմ, որ սա հենց առաջին քայլն է, քանի որ կյանքը կստիպի մեր եվրոպացի գործընկերներին աշխատել ԵԱՏՄ-ի հետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ, որն, ի դեպ, ինչպես և ՀԱՊԿ-ը, այս փուլում ՀՀ քաղաքացի է գլխավորում», — հիշեցրեց խոսնակը։

Լավրովն ընդհանուր առմամբ բավական լավատեսական է տրմադրված ԵԱՏՄ-ԵՄ ապագա հարաբերությունների նկատմամբ։

«Թեև այդ ապագան մոտ չէ, սակայն կյանքը կստիպի աստիճանաբար միմյանց ընդառաջ գալ», — ասել է նա։

ՌԴ արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը գլխավորում է ԵՏՀ կոլեգիան, կօգնի շարժվել այդ ուղղությամբ։