Երևանի ռեստորաններն ու առևտրի կենտրոններն անվտանգ չեն. ԱԻՆ–ը խախտումներ է հայտնաբերել

ԱԻՆ–ը խախտումներ է հայտնաբերել առևտրի կենտրոններում, կինոթատրոնում ու ռեստորաններում, մանկական ժամանցի կենտրոնում. հրապարակվել են անուններ, տրվել հանձնարարականներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը անվտանգության համակարգերի ստուգումներ է իրականացրել «Տաշիր» առևտրի կենտրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, «Նեպտուն» մանկական կենտրոնում, «Ջոս» ռեստորանային համալիրում, «Պանդոկ Երևան»-ում։ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ միայն Երևանում իրականացվել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում։

«Բուրգեր Քինգ» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքները

Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածները տարահանման ելքերի, հակահրդեհային ու ծխահեռացման ինքնաշխատ համակարգերի, կրակմարիչների բացակայությունն է, նաև`էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ կապված խնդիրները։

ԱԻՆ-ը հայտնում է, որ նշված օբյեկտների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել բացահայտված թերությունները, կրկնակի այցերի ընթացքում թերությունները վերացրած չլինելու դեպքում տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: ՀՀ մարզերում ևս ԱԻՆ աշխատակիցները ստուգայցերի ընթացքում թերություններ են հայտնաբերել ու շուրջ 30 կարգադրագիր հանձնել:

Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 5-ի նիստում արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարել էր ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Հանձնարարականը հետևել էր ապրիլի 2-ի երեկոյան, Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունին: Խոհանոցում պայթել էր թթվածնի բալոնը, տուժել էր 9 մարդ, որոնց մեջ կային նաև անչափահասներ: Տուժածներից 2-ը Իրանի քաղաքացիներ էին, 2-ը` ՌԴ-ի։