Երևանի ավտոտնակներից մեկում «Կալաշնիկովներ» ու փամփուշտներ են հայտնաբերվել. տեսանյութ

Ավտոտնակի տերն ասել է, որ ավտոտնակում երբեք զենք-զինամթերք չի տեսել ու չգիտի՝ դրանք ում են պատկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Հաղորդման համաձայն՝ Գյուլբենկյան 39Ա շենքին հարակից ավտոտնակում սպորտային պայուսակ կա, մեջն էլ՝ զենքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ահազանգին արագ արձագանքած իրավապահները, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել են սպորտային պայուսակը, որի մեջ 4 ինքնաձիգ, 8 պահունակ և տարբեր տրամաչափերի 274 փամփուշտներ են եղել։ Նախնական տվյալներով՝ ինքնաձիգները «Կալաշնիկովներ» են։

Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստվեցին։

Պարզվել է, որ ավտոտնակը 10 տարուց ավելի շահագործում է Արթուր Խաչատրյանը։

Նա ոստիկաններին հայտնել է, որ ավտոտնակում երբեք մեքենա չի կայանել և միայն ժամանակ առ ժամանակ այնտեղ իրեր է տեղավորել։ Ինքը երբեք ավտոտնակում զենք-զինամթերք չի տեսել ու չգիտի՝ դրանք ում են պատկանում։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։